Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՄԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ, ՔԱՆ ԱՐԺԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ»

«ՄԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ, ՔԱՆ ԱՐԺԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ»
13.01.2012 | 00:00

Սպասված, սիրված մարդ և արվեստագետ լինելու պարտավորեցնող իրողությունը Վարդան Պետրոսյանին ստիպում է հայաստանյան յուրաքանչյուր այցին պահպանել ասելիքի ինքնատիպ թարմությունն ու աննկատ բարձրացնել մատուցման նշաձողը: Ամիսներ շարունակ լեփ-լեցուն դահլիճներում խաղարկվեց նաև նրա «Սեռասարսափ» նոր ներկայացումը (բեմադրությունը` Անի Համելի), նորաոճ գրավչությամբ տպավորվեց արտիստի մենելույթը` հմտորեն զուգակցվելով տեսանյութին (կինոռեժիսոր` Լևոն Մինասյան): Համատարած խավարի թանձրացման մասին «Սեռասարսափի» բարձրացրած տագնապի ինքնատիպ անդրադարձն է «Իրատես de facto»-ի առանձնազրույցը ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
«ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ԱՆՎՐԵՊ ՆԿԱՏԵԼՈՒ ՄԵՐԺԵԼԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ»
-Համամի՞տ եք, որ Ձեր հեղինակային թատրոնի հենքը սատիրան է, խաղացանկի բովանդակությունը` մեր ապրած օրերի գոգոլյան, սալտիկովշչեդրինյան, պարոնյանական երաժշտականացված կերպավորումը:
-Դժվարանում եմ սահմանումներ գտնել: Փարիզում էլ պրոդյուսերները երկմտում էին. «Կաֆե-թատրոնի համար` մի քիչ շատ է երգում, կաբարեի համար` մի քիչ շատ է խոսում, հումորն ինտելեկտուալ է, գոտկատեղից ցածր ու գռեհիկ չէ, ուրեմն նրա համար նոր հանդիսատես պետք է ձևավորել»: Իմ թատրոնը տարբեր ոճերի համադրություն է: Իհարկե, սատիրա կա, բայց կա նաև ամերիկյան շոու, որը ներկայացման փայլն է: Ես դա շատ եմ սիրում: Սա չի նշանակում, որ չեմ ձգտում բազմազանության: Իմ «Ցմահ բանտարկյալները» դրամատիկական-երգիծական մի ներկայացում էր` տիկնիկներով: Շոուներ են «Սեռասարսափ» կամ «Սեր և ատելություն» մենաներկայացումներս: Մեծ շոուներ` «Խաղում ենք 1700»-ը կամ «Վերելքը»: Բայց այդ շոուների մեջ կա մի զարմանալի բան, որ արևմտյան թատրոնը դեռ չունի` կուռ սցենար, որը դրամատիկական ապրումներով, պատմական էքսկուրսներով ու վերլուծություններով «Ա» կետից զարգանում է մինչև «Ֆ», ալֆայից` օմեգա, հանգում իր տրամաբանական ավարտին:
-Ինչպե՞ս է, որ Ձեր փարիզներում ավելի քաջատեղյակ եք հայաստանյան հիմնախնդիրներին, քողարկվող խմորումներին:
-Հիշեցի Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը»: Ինչպե՞ս էր, որ Անդրեյ Բոլկոնսկին, երբեմն-երբեմն այցելելով Սանկտ Պետերբուրգ, իր կալվածքներում հյուրընկալվող մայրաքաղաքային ընկերներից ավելի տեղյակ էր ոչ միայն Պետերբուրգի, այլև առհասարակ աշխարհի իրադարձություններին: Շատ պարզ` ինքն ավելի շատ էր կարդում: Ես մեր իրականությամբ ոչ միայն հետաքրքրվում, այլև ապրում եմ: Եվ քանի որ ֆիզիկապես ավելի հեռվում եմ, բախտավորություն ունեմ անվրեպ նկատելու մերժելի դրսևորումները, որոնք այնքան էլ ցայտուն չեն երևում ներսում գտնվողներին: Ընկալման օբյեկտիվությանս գումարվում է կարոտիցս սրված սիրո սուբյեկտիվությունը: Անքուն գիշերներից, ջերմ սիրուց ու խորին ափսոսանքից ծնված քննադատությունը վերևից ներքև թքել չէ: Ինձ համար շատ ավելի դժվար է, որովհետև նույնը փորձում եմ ծիծաղեցնելով անել:

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14-ՐԴԻՑ ԼԱՎ Է ԱՊՐՈՒՄ»
-Կարծեմ, մինչ թատրոնում ներկայացնելը «Սեռասարսափը» յուրովի փորձարկել էիք բուհերում։ Ճանաչեցի՞ն իրենց ուսանողները ներկայիս տգիտության Ձեր կերպավորած երգիծապատկերում:
-Ցավում եմ, որ «Վարք Հայաստանին» չկարողացա խաղալ լայն հասարակության համար: Մեր մեծագույն հանճարի` Խաչատուր Աբովյանի 200-ամյակը պատշաճ չկարևորեցինք: Նա Քրիստոսի առաքյալն է եղել իր ժողովրդի համար, բայց անտեսված, մոռացված է վաղուց: Ի՜նչ անտարբերություն, ինձ էլ եմ մեղադրում` ուշացա: ՈՒսանողությանն Աբովյանի մասին շատ երկար պատմեցի: Ներկայացումը տևում էր երկուսուկեսից հինգ ժամ: Խաղում էի, որից հետո հարցերի տարափին էի պատասխանում: Մեծամասնությանն ապշեցնում ու տրտմեցնում էին պատմածս մանրամասները: Կրթությանն առնչվող բնութագրական դրվագները «Վարքից» եմ մտցրել «Սեռասարսափի» մեջ` բովանդակային նոր շերտ գումարելով հրատապ թեմաներին։ Նստել ենք մի ծառի ճյուղին ու սղոցում ենք հենց այդ ճյուղը` առանց գիտակցելու, որ ընկնելու ենք ներքև: Իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունը սրելով` հասցրի մարմնավաճառ-հաճախորդ փոխհարաբերության: Տասնյակ հազարավոր մարդիկ դիտեցին։ Վստահեցնում եմ` գերակշիռ մասն ըմբռնեց ենթիմաստները:
-Մեծահարուստների տգետ սերնդին այլևս հաճույք չեն պատճառում շքեղ կենցաղն ու կազինոներում ծնողների դիզած անքրտինք հարստությունը քամուն տալը: Ձանձրացած իրեն անասնացրած «երջանկության տարատեսակներից»` զվարճանում է սեռասարսափ տարածելով: Ձեզ երկրպագելով, խաղացանկային բոլոր ներկայացումները դիտելով` զանգվածային հանդիսատեսն այնուամենայնիվ չի սթափվում: Ինքնաճանաչման ու ապաշխարանքի Ձեր ակնկալություններն առայժմ չեն արդարանում: Խավարի թանձրացմանն ընդդիմանալու հուժկու ընդվզում կա «Սեռասարսափում»: Արդյո՞ք ազգակործան անդունդ չգլորվելու ելք չեք տեսնում այլևս:
-Ամեն մարդ յուրաքանչյուր խնդրի լուծում պետք է փնտրի իր ներսում: Որպես թատրոնի ծառա ես փորձում եմ ծիծաղեցնելով, լացացնելով, երգելով, պարելով մարդկանց ինչ-որ չափով մղել դեպի ազնվություն: Ներկայացման մթնոլորտն էլ վկայում է, թե որքան մեծ սեր, դրական էներգիա եմ փոխանցում յուրաքանչյուրին: Ես իմ տքնանքի, հոգու հարստության մի կաթիլը լցնում եմ ընդհանուրի փրկության բաժակի մեջ:
-Ըստ «Սեռասարսափի»` մեկական կաթիլով այլևս անկարելի է փրկվելը:
-Նժդեհը դիպուկ է ասում` ոչ միայն ճիշտ նպատակը պետք է տեսնել, այլև դեպի նպատակը տանող ճիշտ միջոցները: Հակառակ դեպքում քեզ պատեպատ խփելով ուժահատ կլինես, ձեռքդ անզոր թափ կտաս: Տպավորություն կա, որ Հայաստանից դուրս էլ մարդկային հասարակությանը հոգնատանջ են անում: Ամենուր մարդիկ դժգոհ են, հաճախ չհասկանալով, թե ինչից: Ֆրանսիայում այժմ սովորական քաղաքացին Լյուդովիկոս 14-րդից երևի ավելի լավ է ապրում, բայց դարձյալ տառապում է: Ինչ-որ դժգոհության սինդրոմ է ներարկված ամբողջ աշխարհին:
-Ինչո՞վ եք բացատրում:
-Չգիտեմ, իմ խեղճ տատին եմ հիշում: Կոլխոզում ստախանովական էր և, ըստ էության, սովի էր դատապարտված` 12 ռուբլի թոշակ էր ստանում: Ինը երեխա ունեցավ, չորսը մահացան, հինգին դաստիարակեց, մեծացրեց, բարձրագույն կրթության տվեց: Գեթ մի անգամ չտրտնջաց: Կոտորած տեսած, որբանոցում մեծացած հայրս միայն սև հաց ու գիրք էր երազում և մեկ էլ` որ իրեն Սիբիր չքշեն: Մայրս էլ էր այդ ամենը տեսել: Հիշում եմ, երբ աշխատավարձը չէր հերիքում, շիշ էինք հանձնում կամ հարևաններից պարտք վերցնում: Դա ընդունված բան էր այն ժամանակ: Մենք դասախոսների շենքում էինք ապրում, բոլորը նույն վիճակում էին, բայց որևէ մեկը չէր տրտնջում: Հիմա Արևմուտքում կենցաղային պայմանները շեշտակի լավացել են, բայց ոչ մեկն իրեն երջանիկ չի զգում:
-Բայց մեզ մոտ ծայրահեղ բևեռացում է, «անապահովություն» տերմինով փոխարինված «աղքատությունը» շատերի դռանն է չոքել:
-Պատկերն իսկապես անմխիթար է: Գիտեք, Ֆրանսիայում էլ են հարկերով խեղդում մարդկանց, միջին բիզնեսը սպանում: Նախագահի ամեն մի նոր թեկնածուն իր թիմով ճոխ խոստումներ է տալիս` ամեն ինչ կանենք, որ միջին բիզնեսը ոտքի կանգնի, բայց գալիս է թե չէ, անմիջապես իր աշխատակազմի ծախսերն է մեծացնում: Կարծես ամեն մեկն իր խառնվածքին համապատասխան բահն ու քլունգն առել քանդում է սեփական երկիրը:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՔԻՉ ՎԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՏԸ, ՀԵՏՈ ՇԱՏ ՇՈՒՏ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ»
-Երկար ժամանակ գտնվելով Հայաստանում` նախընտրական կրքերի շիկացումներ զգացի՞ք:
-Գետի նույն հունով գնում ենք: Իրականում ոչինչ չի կատարվում: Իշխանությունն ապրում է իր կյանքով, ժողովուրդը` իր: Ընտրությունից ընտրություն մի քիչ վարարում է գետը, հետո շատ շուտ հանդարտվում: Փլուզումների պրոցեսն ամենուր շարունակվում է: Մարդիկ տեսնում են, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Անտարբեր ապրում են` Աստծուց ու բնությունից հեռացած: Հիմա նորից կուսակցական քարոզարշավ կսկսվի, շռայլ խոստումներ կգոռգոռան, հերթական ընտրություններ կլինեն, կմարի աշխուժությունը, ու նորից ոչինչ չի փոխվի: Չեմ կարծում, թե կա որևէ կուսակցություն, որի կազմում չլինեն հայրենասեր մարդիկ: Բայց նրանք դեռևս որակ չեն կազմում: Ամբողջ աշխարհում կուսակցություններով տարվում են կարիերիստ մարդիկ: Ընդհանուր առմամբ, դրանք իշխանության գալու ուղիղ ճանապարհ են, միջոց:
-Երբևէ «վերևներից» չե՞ն սպառնացել, սաստել Ձեզ չափազանց կծու խոսքերի համար:
-Ոչ մի անգամ: Ինձ թվում է, որ մեր ստեղծագործողներն ավելի շատ են վախենում, քան արժե իրականում:
-Գուցե չե՞ն հասկանում, թե կոնկրետ ում է հասցեագրված երգիծանքը:
-Ոմանք, իրոք, հրճվում են իրենց տիպը բեմում տեսնելով` առանց մտածելու, որ նեգատիվն է շեշտված: Միշտ «Դոն Կիխոտի» օրինակն եմ բերում: Սերվանտեսը գնացել է բանտ, կարդացել այն հատվածը, որտեղ բանտարկյալները քարկոծում են Դոն Կիխոտին, նրանք հրճվել են` մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ այդտեղ իրենք վատն են: Հատկապես ռաբիսներն են ցնծում, երբ ես մեր երկրորդ անկախության առաջին մեծ արտագաղթի մասին պատմում եմ «Համբոն Գիքորին քաղաք է տանում» երգով: Ես սիրելով ու ցավով եմ բեմ հանում բոլոր նեգատիվ տիպերին` ռաբիսներին, «օջախի տղերքին», տգետ մեծահարուստներին ու նրանց ի ծնե խեղված, սեռասարսափով բռնված զավակներին: Կսկիծով եմ ջանում առանձին տիպերի հոգևոր մաքրագործմանը նպաստավոր լինել անհատական մոտեցմամբ: Չեմ էլ պատկերացնում, որ հասարակություն առ հասարակություն արմատական բարեփոխությունն իրատեսական է:
-Շատերին խրտնեցնում էր ներկայացման «Սեռասարսափ» վերնագրումը:
-Որևէ անբարո բան չկա ներկայացման մեջ, պարզապես մենք խուսափում ենք իրերն իրենց անուններով կոչելուց:
-Դուք խոսում եք Բաղրամյանի անկյունում հավաքվող «գիշերային թիթեռնիկների» մասին, հանդիսատեսը մտովի նրանց կողքին է դնում ինչ-որ չգրված արտոնագրով ամենուր գործող տարասեռ մարմնավաճառներին:
-Վերջին ներկայացումներում էքսպրոմտ արեցի` ասելով. «Ինչո՞ւ մրցանակներ չեն տալիս մարմնավաճառներին։ Չէ՞ որ նրանց օգտակար գործողության գործակիցը գուցե շատ ավելի բարձր է, քան ծանրաբեռնված աշխատող իշխանության, կառավարության մեծաթիվ աշխատակազմինը: Նրանք, փաստորեն, իրենց մարմնի վրա են վերցնում կատաղությամբ բռնված նորածին հասարակական խավի ագրեսիան»: Կինոյի հնարավորություններն եմ օգտագործել` նյութը խոշոր պլանով մատուցելու համար` ինքս ինձ զրկելով մեծագույն հաճույքից` ամենից շատ երգել եմ սիրում:
-Վերջին երգով հույսի շողեր եք արթնացնում` վերադարձնելով ազգային արմատներին, սարի աղբյուրի զուլալ ջուրը հրամցնում:
-Իմ գերդաստանի սիրած ժողովրդական երգերից է «Առավոտյան արշալույսինը»:
-Երկու տասնամյակ է, ինչ «երանելի» կապիտալիզմի «շինարարությամբ» ենք փորձում զբաղվել: Նկատո՞ւմ եք որոշակի տեղաշարժ դեպի իրապես ժողովրդավարական հասարակարգ:
-«Դեմոկրատիայի» անվան տակ այժմ կատարվում են ամենապիղծ, ամենալկտի իրադարձությունները: Հարավսլավիայի, Իրաքի դեմ պատերազմները, արաբական երկրներում հրահրվող արյունալի դեպքերը «մարդու իրավունքների պաշտպանության» անվան տակ չե՞ն սանձազերծվում: Կցանկանայի, որ մեր անկախության 20-ամյակի «շքանշանային» նշանավորման վերընթացը զուգակցվեր լուրջ նվաճումներով: Ենթադրենք` «Գյումրիում այլևս չունենք փողոցում մնացած ոչ մի մարդ» կամ` «Մենք կարողացանք տեղավորել Բուզանդի կամ մյուս քանդված շենքերի տնանկներին» և կամ` «Երևանի բոլոր շենքերի հիմքերը հուսալիորեն ամրացված են, սեյսմակայուն»… Ֆրանսիացիների օպերայի պողոտան թագադրվում է Օպերայինի շենքով, իսկ մերը պարզապես խեղդվում է կառույցն օղակած սրճարաններով ու Հյուսիսայինի երկնաքերներով: Մեսչյանական կցակառույցն ամենևին չի այլանդակում Մատենադարանի հոյակապ շենքը, նույնիսկ չի երևում: Մի՞թե մյուս ճարտարապետներին հասու չէ քաղաքաշինարարի այս պարզագույն մտածողությունը: Սրտապնդվեցի, երբ երիտասարդները թույլ չտվեցին Թռչկանի ջրվեժին դիպչել, չեն հոգնում Թեղուտի համար պայքարելուց: «Նարեկացի» միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ապօրինի կալանքին զարմանալիորեն ակտիվ արձագանքեցին մտավորականները: Փոքր հոգևոր-բարոյական արժեքները դեռ պահպանել ենք:
-Բեմից ու հատկապես հեռուստաէկրանից հանրությանն առավելապես էրոտիկ գռեհկաբանություններով զվարճացնող խմբերում կան նաև պրոֆեսիոնալներ: Հնարավո՞ր եք համարում ոմանց հետ «Նոր ոզնիների» կայացումը:
-Առաջին հերթին պիտի զտվեն թանկ վճարվող, բայց էժանագին ծափ ու ծիծաղ արտադրող ինտելեկտուալ տաղանդները: Վերևի՛ց խիստ գրաքննություն պիտի սահմանվի: Չեմ կարծում, որ մեր հանրապետության նախագահի համար դժվար է հեռուստաընկերությունների ղեկավարներին հրավիրել նախաճաշի և խիստ պատվիրել. «Վաղվանից ձեր էկրաններին որևէ գռեհիկ բան չտեսնեմ: Կոկա-կոլայի, Օրանժի կամ մյուս խոշոր գովազդատուների հետ ինչպես ձեր հարցերը կլուծեք, իմ գործը չէ, վե՛րջ»: Առանց վերին ու ներքին գրաքննության անկարելի է դեպի ընդհանուր բարեկրթություն գեթ կես քայլ առաջ գնալը:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ